HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։
Քարտեզագրման միջոցով տեսանելի են դառնում նաև Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերի խնդիրները, ռեսուրսներն ու նոր հնարավորությունները. մինչև այսօր Հայաստանի ութ համայնքներում քարտեզագրվել է ավելի քան 47000 տվյալ:
HYPHEN4 ԼԱԲ-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է: Դրամաշնորհային մրցույթի շրջանակում կազմակերպությունը ստացել է ավելի քան 30 պլանշետ, որոնց շնորհիվ թղթով, մատիտով ու տեսախցիկով կատարվող աշխատանքը դարձել է ավելի արագ ու ճկուն։
«Մեր բուն նպատակը Հայաստանի ապակենտրոնացված համայնքները քարտեզների միջով տեսանելի դարձնելն է: Ներգրավում ենք տարբեր խմբերի՝ համալսարանի ուսանողներ, պատանիներ, Թումոյի սաներ, ովքեր աշխատում են այս ուղղությամբ։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կարողացանք մեր մեթոդիկան զարգացնել և նոր տեխնոլոգիաներ օգտագործել մեր աշխատանքներում։ Մենք այս տարի կրկնակի ենք քարտեզագրել, ինչ անցյալ տարի»,- նշում է HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական ՀԿ հիմնադիր, ծրագրերի նախաձեռնող և ղեկավար Սյունե Առաքելյանը:
«Նախկինում HYPHEN4 ԼԱԲ-ի ներգրաված երիտասարդներն ու պատանիները քարտեզագրման աշխատանքներն իրականացրել են թղթի, մատիտի և տեսախցիկի միջոցով։ Այս տարի պլանշետները բավականին բարձրացրին աշխատանքի արդյունավետությունն ու կարողացան ժամանակ խնայել։ Օրինակ, նրանք կարողանում են տվյալները թարմացնել բազայում, իսկ ղեկավարները հենց այդ պահին կարողանում են վերահսկել աշխատանքի պրոցեսը տարբեր համայնքներում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: